Վանաձորի դպրոցի դանակահարությունը` քրոջ պատիվը պահելու արդյունք
Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Ի դեպ, մեզ նաև տեղեկացրեցին, որ հանցագործությունն արդեն իսկ բացահայտվել է:
Հիշեցնենք` երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցից հիվանդանոց էր տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն, ով դանակահարվել էր հասակակիցների հետ դպրոցի հետնաբակում ունեցած վիճաբանության ժամանակ:
Սակայն պարզվում է, որ Տիգրանն այս վիճաբանության միակ տուժողը չէ: Ավելի ուշ գոտկային շրջանում ստացած կտրած վերքով հիվանդանոց է դիմել նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դպրոցականները վիճաբանել են իրենց դասընկերոջ քրոջը նեղացնելու հարցի շուրջ:
Նարեկ Ա-ն իր 3 դասընկերներից բացատրություն է պահանջել իր քրոջ հասցեին պարբերաբար վիրավորական խոսքեր ասելու հարցի շուրջ, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Գ-ի կրծքավանդակին և Ռոբերտ Պ-ի գոտկատեղին ու փախել:
Երեկ՝ ուշ երեկոյան, Նարեկը մեղայականով ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել:
