Վանաձորի քաղաքապետը թուլամորթ է անվանում մեր այն քաղաքացիներին, որոնք արտագաղթում են
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և քաղաքապետարանի իր աշխատակազմը վերջին շրջանում ակտիվորեն սկսել են դեպի Ռուսաստանի Դաշնություն միգրացիան խրախուսող ակտիվ գործունեություն ծավալել։ Մասնավորապես, նրա հրահանգով քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են քաղաքում տարածել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության պետական ծրագրի բուկլետները։
Հիշեցնենք, որ սա այն վտանգավոր ծրագիրն է, որի միջոցով ՌԴ-ն Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս իր երկրի տարածքում կարճ ժամանակում աշխատանք, կացարան խոստանալ, իսկ դրանից հետո, կարճ ժամանակ անց տրամադրում է նաև ՌԴ քաղաքացիություն։ Ժամանակին այս ծառայության գրասենյակի մոտ կիլոմետրանոց հերթեր էին գոյանում։ Մարդիկ մեկը մյուսին հերթ չէին տալիս գրանցվելու ՌԴ մեկնելու համար։
Վերջին շրջանում հերթերը նվազել են թերևս այն պատճառով, որ գրանցումն իրականացվում է առցանց։ Կայքում գրանցվելու համար տարվա կտրվածքով նախատեսված ժամանակահատվածը շատ արագ սպառվում է, ինչը ևս փաստում է, որ Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը չի մարել ՌԴ մեկնելու, և քաղաքացիություն ստանալու հետ կապված։ Ու թեև ժամանակին վարչապետի մակարդակով Ազգային ժողովում քննադատվեց այս ծրագիրը, սակայն, այսօր, փաստորեն տեղական իշխանությունների ղեկավարների մակարդակով է խրախուսվում արտագաղթը դեպի Ռուսաստան։
Վանաձորի բնակիչներից մեկն անգամ բաժանված բուկլետներն է լուսանկարել և տեղադրել սոցիալական ցանցի իր էջում։ «Վանաձորի քաղաքապետը թուլամորթ է անվանում մեր այն քաղաքացիներին, որոնք արտագաղթում են, միաժամանակ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները հանձն են առել տարածել այս գրքույկ-ուղեցույցները, որոնք հեշտացնում են արտագաղթի գործընթացը դեպի ՌԴ: Ուզում եմ հարցնել, ավելի ազգակործան ծրագիր, գրքույկներ սպասվո՞ւմ են, որ պիտի տարածեք: Փաստորեն, պետական մակարդակով երկիրը՝ կոնկրետ դեպքում քաղաքը դատարկելու «սուրբ» գործին լծված ավելացնում եք «թուլամորթների» բանակը: Շատ եմ ցավում, որ սա իրողություն է»,- գրել է Նարինե Ավետիսյանը։
Վանաձորի քաղաքապետը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, թե ինքը, կամ իր աշխատակազմից որևէ մեկը նման բուկլետ է բաժանել կամ բաժանում։ «Հնարավոր չի տենց բան։ Էդպիսի բան ոչ եղել ա, ոչ էլ կլինի։ Որ խելացի մարդը կարող է կողմնակից լինել, որ իր երկրի քաղաքացիները թողնեն ու գնան իրենց հայրենիքից։ Վանաձորում ոչ մեկի կողմից նման բուկլետ չի բաժանվել»,- ասաց Դարբինյանը։
շարունակությունն՝ այստեղ:
