«Վանդամ պետք է լինեի, որ դրան տփեի»՝ ամբաստանյալը տուժողի մասին
Փաստինֆոն գրում է.Մշտական բնակության վայր չունեցող ամբաստանյալ Արմեն Բաբախանյանն այսօր չընդունեց կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեղադրանքը: Նա հայտարարեց, որ տուժողն իր ու իր ընկերների հետ մասնակցել է կերուխումի, ընդ որում, որքա՞ն եք ոգելից խմիչք խմել հարցին, ամբաստանյալը խմիչքը չափում էր ոչ թե ընդունված լիտրերով, այլ դույլերով՝ «կես վեդրո, մի վեդրո»:
Ապա, ըստ ամբաստանյալի, կացարանում, որտեղ ինքը պահակ է , ինքը տուժողին հանգստանալու համար տեղ է տրամադրել: Ըստ նրա, իր ու տուժողի միջև կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ վերջինս օգտվելով իր «հյուրընկալությունից» իրեն առաջարկել է հարաբերություն ունենալ իր հետ: Ըստ ամբաստանյալի, առաջինը տուժողն է իրեն հարվածել, գլուխն արյունոտել, ինքն ընդամենը հրել է տուժողին, եղել է քաշքշուկ, և վերջինս «դայաղ է եղել» պատին: Ամբաստանյալը պնդեց, որ տուժողը վնասվածքներ կարող էր ստանալ վայր ընկնելու հետևանքով՝ տուժողը հարբած էր, իջել է ձոր, գուցեև ընկել է ու վնասվածքներ ստացել: Ամբաստանյալի դիրքորոշումը չփոխվեց նաև այն բանից հետո, երբ մեղադրողը հիշեցրեց, որ, ըստ փորձագետի, վնասվածքները պատճառվել էին բութ, կոշտ առարկայով և որ այդ վնասվածքները հնարավոր չէր ստանալ վայր ընկնելու հետևանքով: «Վանդամ պետք է լինեի, որ դրան տփեի»,- ասաց ամբաստանյալը:
Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց անձը բնութագրող փաստաթղթեր: Մասնավորապես, թաղային լիազորի գրության համաձայն, ամբաստանյալը մասնակցել է քաղաքի մաքրության ու ծառատունկի աշխատանքներին, «ինչպես նաև մասնակցել բոլոր ընտրություններին»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
