Վանում հրաժարվում են քանդել հայկական գերեզմանատան վրա կառուցված հասարակական զուգարանը
Վանի Էդրեմիթ շրջանի ղեկավար Աթիվ Չիչեքլին հրաժարվում է ապամոնտաժել հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական զուգարանը, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը, պատասխանելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հարցմանն առ այն, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկել տվյալ հարցի առնչությամբ, հայտնել էր, որ հասարակական զուգարանը կապամոնտաժվի 60 օրվա ընթացքում:
Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինը պնդում է, որ այդ տարածքում ոչ մի հայկական գերեզմանատուն էլ չի եղել, իսկ զուգարանը ապամոնտաժելու միտք իրենք բնավ չունեն:
«Այստեղ ոչ մի հայկական գերեզման էլ չկա: Այդ հայ պատգամավոր Կարո Փայլանին ու բոլոր հայասերներին բացահայտ ասում եմ. ես այս տարածքն ավելի եմ գեղեցկացնելու և անելու այնպես, որ բոլորը գան այստեղ և այս ամենը ծառայի մեր մարդկանց», - ասել է Չիչեքլին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի մոտ տեղական իշխանությունները լողափի այցելուների համար նախատեսված հանդերձարանն ու հանրային զուգարանը կառուցել են հենց հայկական գերեզմանատան տարածքում:
