Վարակի աղբյուրը հիմնականում շներն են այն փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով
Վերջերս, ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հանրապետությունում` մասնավորապես Սյունիքի մարզում լեյշմանիոզ անունով վարակ է տարածվել, որն առաջանում է մլակների խայթոցից: Թե, որքանո՞վ է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, եւ թե ի՞նչ վտանգ է այն իրենից ներկայացնում եւ ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս, Fnews.am-ը փորձեց պարզել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանից, ով մասնավորապես ասաց.
-Լեյշմանիոզ վարակը երեք հիվանդությունների խումբ է իր մեջ պարունակում, հարուցվում է մակաբույծներով, միաբջիջ կենդանիներով: Վարակի աղբյուրը հիմնականում շներն են այն փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով: Այս վարակը մշտապես արձանագրվում է հանրապետությունում, այսօր մենք ունենք հատուկենտ լեյշմանիոզի դեպքեր: Հիմնականում վարակը տարածվում է Սյունիքում, Տավուշում եւ Լոռիում:
- Ունե՞ք տվյալներ, թե այս պահին լեյշմանիոզով վարակված քանի անձ կա:
- Մենք տարեկան ունենում ենք 10-15 դեպք, այս տարի Սյունիքում ունեցել ենք երեք դեպք, հիմա էլ լեյշմանիոզի կասկածով այսօր մի երեխա ընդունվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
-Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում հիվանդությունը եւ ի՞նչ ախտանշաներով է ի հայտ գալիս:
-Ինքն իր բնույթով շատ թեթեւ վարակ է. նույնիսկ ԱՀԿ-ն այս հիվանդությունը դասել է արհամարված հիվանդությունների ցանկին: Եթե ժամանակին է ախտորոշվում հիվանդությունը բարվոք է ընթանում: Ինչ վերաբերում է ախտանշաններին, ապա տվյալ վարակի դեպքում հիմնականում արձանագրվում է անկանոն տենդ, մաշկը դառնում է մոմագույն, մեծանում է փայծաղը, ավշային հանգույցները: Լեյշմանիոզի վարակի տարածման սեզոնը սկսվում է հունիսից:
Ն. Ադամյան
