Վարչապետի հանձնարարականը՝ Արփինե Հովհաննիսյանին
Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու մասով:
Կարեն Կարապետյանն ասաց, որ համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է ԴԱՀԿ-ի կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը, կամ՝ հակառակը:
«Այդ պատճառով ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ այլ միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմին»,- նշեց Կարեն Կարապետյանը:
