Վարչապետի «տղամարդավարի» խոսքն ու՞ր մնաց
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ հիշեցնելու իրենց չվճարված աշխատավարձերի մասին:
Հայտնի է դարձել, որ երեկվա դրությամբ 350 հոգի ստորագրել է գործարանի տնօրինության առաջարկած պայմանագրերը։ Համաձայն այդ պայմանագրերի՝ աշխատակիցները հրաժարվում են աշխատավարձի չվճարման հետ կապված տույժերից ու տուգանքներից և համաձայնում մայր գումարը ստանալ յոթ աշխատանքային օրվա ընթացքում։
«Շատերը կան, որ չեն արտահայտվում: Բայց վախ կա: Աստված տա, որ ստանանք»,- կառավարության աշխատակցի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Իզուր ձեզ տանջում եք»,- հակադարձել է կառավարության աշխատակիցը: Իսկ նրան բողոքավորները հիշեցրել են, որ վարչապետը ժամանակին «տղամարդավարի» խոսք էր տվել մարել աշխատավարձերի պարտքը:
