Վարչապետի «խաղերը» տնտեսությունում
Երկու շաբաթ հետո լրանում է Կարեն Կարապետյանի կառավարության ինը ամիսը և ինը ամիս շարունակ քաղաքական դաշտը սպասում է տնտեսական կտրուկ աճին: Եվ քանի որ տնտեսական աճը առաջնահերթ լուծում է սոցիալական խնդիրները, ապա այդ աճին սպասում է նաև ժողովուրդը:
Եթե նկատենք, որ վերջին տաս տարում անցած երկու կառավարությունների քաղաքականությունից տնտեսության «օդերը փակվեցին»՝ դաշտը գնալով հիվանդացավ, ապա այսօր ակնկալել, որ միանգամից տնտեսությունը կառողջանա՝ դատարկ սպասում է: Սովորաբար ծանր հիվանդին սկզբից հետազոտում են, ախտորոշում են հիվանդությունը նոր միայն բուժում են նշանակում: Նկատենք նաև, որ բուժման գործընթացը ծանր հիվանդին միանգամից ոտքի չի կանգնեցնում: Սկզբում հիվանդի վիճակը կայունանում է, հետո բարելավում, այնուհետև ապաքինում է լինում, նոր վերջում առողջացում: Եվ քանի որ վերջին տաս տարիներում Հայաստանի տտեսությունը ծանր հիվանդ է, ապա վիճակի կայունացումը բուժման արդյունավետության համար խիստ անհրաժեշտություն է:
Եթե հետևենք կառավարության վերջին ինը ամիսների ընթացքում իրականացված քայլերին, ապա պետք է փաստենք, որ դրանք իրականացվում են ճիշտ տրամաբանությամբ: Տնտեսությունը ևս կենդանի օրգանիզմ է՝ համակարգ, որին աշխուժացնելու համար հետևողական և աստիճանական մոտեցում է պահանջվում: Այսօր ասել, որ մի քանի ամիսների ընթացքում կառավարությանը կհաջողվեր ապահովել տնտեսական զգալի աճ և թռիչքային ձեռքբերումներ արձանագրեր՝ կնշանակի սխալվել:
Չմոռանանք, որ իներցիայի ֆիզիկական ուժը գործում է նաև տնտեսությունում: Եթե հիշում եք, ապա 2008-ին երբ գլոբալ տնտեսական ճգնաժամը ներխուժեց համաշխարհային տնտեսություն, ապա դրա ազդեցությունը Հայաստանում ակներև դարձավ 2010-ից: Իսկ մինչ այդ իներցիայի ուժով Հայաստանում տնտեսությունը կարճ ժամանակահատվածում կարողացավ պահել իր ձեռքբերումները: Այժմ երբ 2010-ից Հայաստանի տնտեսությունը անկում է ապրել, բնականաբար անկումը ևս իր իներցիոն հետևանքը կարճ ժամանակ պետք է պահպանի՝ չնայած կառավարության կողմից այսօր տարվող քաղաքականությանը: Սա փաստ է և անգամ ամենալավագույն ծրագրերի ներդրումը չի կարող մի անգամից այդ իներցիան զրոյացնել:
Այս փաստը ըստ ամենայնի շատ լավ է գիտակցում նաև գործադիրը, քանի որ փորձում է կոնկրետ քայլերով դիմակայել այդ իներցիային: Ինչ՞ կստացվի դրանից ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում եթե հետևենք անցած շաբաթ ֆինանսների նախարարության 2017-ի հունվար-ապրիլ ամիսների հաշվետվությանը, ապա պատկերը հուսադրող է: Հաշվետու ժամանակահատվածում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերը աճել են 4.6 մլրդ դրամով: Սա նշանակում է, որ աճել է եկամտային մասը, իսկ եկամտային հատվածի ավելացման լավագույն աղբյուրներից մեկը՝ տնտեսությունն է: Ինչի մասին ևս փաստում են թվերը: Մաքսատուրքերի մուտքը աճել է 14.8%-ով, ակցիզային հարկերի մուտքերը՝ 18.3%-ով: Երկու անգամ ավելացել են բյուդջեի եկամուտները բնօգտագործման և բնապահպանական վճարներից: Պետջյուդջեի հարկային եկամուտներում ԱԱՀ-ն ավելացել է 10.5%-ով և այսպես շարունակ: Այս թվերը փաստում են,
որ ոչ միայն տնտեսությունում նկատվում է որոշակի աշխուժացում այլև հարկային դաշտում խաղի կանոնները ևս առողջացման գործընթացի մեջ են: Սրանից ելնելով պետք է ենթադրել, որ իրականացվող քաղաքականությունը իր դրական արդյունքներն է տալիս: Ասել, որ կառավարությանը կհաջողվի մեկ տարվա ընթացքում ապահովել թռիչքային աճ՝ միամտություն կլինի, սակայն եթե գործադիրին հաջողվի հիմնարար կերպով կարճ ժամանակահատվածում կանգնեցնել տնտեսության անկումը, ապա դրանից հետո ապաքինումը հնարավոր կլինի:
Ժասմին Վիլյան
