Վարչապետն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է, ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարևորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը: Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Ս.
Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի շարք այլ ոլորտներում:
Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ
իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
