Վարդան Պետրոսյանի ախտորոշումը հայտնի չէ. Նա կալանավայրում է
Դերասան Վարդան Պետրոսյանը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Նա այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում է:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը նաև նշեց, որ Վարդան Պետրոսյանը «Նուբարաշենից» որևէ այլ հիվանդանոց չի տեղափոխվել` ոչ դատապարտյալների և ոչ էլ քաղաքացիական:
«Տեղափոխությունը բավական բարդ խնդիր է, հատկապես՝ այս Նոր տարվա օրերին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` միաժամանակ հավելելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչն էր դերասանի առողջական վիճակի վատթարացման պատճառը, և ինչ են ախտորոշել կալանավայրի բժիշկները նրա մոտ:
Հիշեցնենք՝ Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դեկտեմբերի 25-ին նշանակված այս տարվա վերջին դատական նիստը չէր կայացել` Վարդան Պետրոսյանի վատառողջ լինելու պատճառով:
Դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի արդեն հաջորդ տարի` հունվարի 12-ից հետո: Նիստի օրն առայժմ նշանակված չէ:
