Վարդան Պետրոսյանի գործն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ
Փաստինֆոն գրում է. Դերասան Վարդան Պետրոսյանի նկատամբ քրեական գործը հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Դատական նիստի օրը, սակայն, առայժմ չի նշանակվել: Վերաքննիչ դատարանում վարույթ է հարուցվել տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա:
Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ` մայիսի 5-ին, Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է 5 տարի ժամկետով ազատազրկում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 2 տարի ժամկետով:
Բացի այդ, դատարանն առանց քննության էր թողել տուժող կողմի ներկայացրած դրամական փոխհատուցման պահանջները` բավարարելով միայն ՀՀ Գյուղնախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի1.200.000 դրամ վնասի հատուցման պահանջը:
Մինչդեռ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում է նշանակել պատիժ`6 տարի ազատազրկման ժամկետով և 3 տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Տուժող կողմը պահանջում է նաև բավարարել կրած նյութական վնասի վերաբերյալ հայցապահանջը: Հիշեցնենք՝ տուժողները պահանջում են տուժող Տաթևիկ Հակոբյանի Վարդան Պետրոսյանից բռնագանձել 9 798 213, տուժող` Ա.Հակոբյանի` 145 800 դրամ` որպես հանցագործության հետևանքով նրանց առողջությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
Բացի այդ, տուժող կողմը պահանջում է փոխհատուցել փաստաբանին վճարվող հետևյալ գումարները. Տ. Հակոբյանի կողմից` 250.00 ՀՀ դրամ, Ա. Հակոբյանի կողմից` 1.000.000 ՀՀ դրամ, տուժող Հ. Հակոբյանի կողմից` 250.000 ՀՀ դրամ, տուժող Է. Հակոբյանի` 250.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ն. Հայրապետյանի` 400.000 ՀՀ դրամ և տուժողի իրավահաջորդ Ա. Կարապետյանի կողմից` 400.000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանում նիստը կնախագահի դատավոր Դավիթ Ավետիսյանը, դատավորը կլինի Համլետ Ասատրյանը: Նիստի օրն առայժմ չի նշանակվել:
