Վարդան Պետրոսյանի կնոջ փաստաբանները կարգապահական վարույթ են պահանջում Ռուբեն Բալոյանի նկատմամբ
Վարդան Պետրոսյանի կնոջ՝ Անի Համելի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը դիմել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով:
«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Մեր տեղեկություններով` վարույթ հարուցելու դիմումում փաստաբանները մատնանշում են իրենց գործընկերոջ կողմից իրականությանը չհամապատասխանող, վարկաբեկող տեղեկություններ տարածելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ընդ որում` ոչ միայն վթարի համար մեղադրվող դերասան Վարդան Պետրոսյանի, այլև նրա հարազատների ու նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, փասատաբանների դիմումն այս պահին քննարկման փուլում է, կընդունվի՞ այն վարույթ, թե՞ կմերժվի, պարզ կդառնա միայն քննարկումների ավարտին:
Ի դեպ, ըստ գործող կարգի, վարույթ հարուցելու կամ մերժելու մասին եզրակացությունը կազմելու համար տրամադրվում է առավելագույնը 2 ամիս ժամանակ, իսկ վերջնական որոշումը կայացնելու համար` առավելագույնը 6 ամիս:
Նշենք նաև, որ սա փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու մասին առաջին դիմումը չէ, որ ստացվել է փաստաբանների պալատի նախագահի անունով: Արա Զահրաբյանի որոշմամբ՝ Բալոյանի նկատմամբ մեկ վարույթ արդեն իսկ ներկայում ընթացքի մեջ է:
Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի բակում` դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործով հերթական դատական նիստից հետո, միջադեպ էր տեղի ունեցել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և տուժողների շահերիների կայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջև, որն ավարտվել էր միայն դատական կարգադրիչների միջամտությամբ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
