Վարդան Ոսկանյան. «Իրանը վիթխարի լծակներ ունի՝ ազդելու Ադրբեջանի՝ նաև ներքաղաքական զարգացումների վրա»
«Փաստ» օրաթերթը գրում է.
– Իրանի խորհրդարանի ղեկավար Լարիջանին ուշագրավ հայտարարություն է արվել ԼՂ հակամարտությանը Իսրայելի միջամտության առնչությամբ: Նախ, ո՞րն է այդ հայտարարության պատճառը: Եթե խոսքը իսրայելական զենքի վաճառքի մասին է, ապա առաջին տարին չէ, որ Իսրայելը զենք է վաճառում Բաքվին:
– Կարծում եմ՝ այս հարցում որպես շրջադարձային կետ պետք է դիտարկվի Իսրայելի վարչապետի՝ նախորդ տարեվերջին Ադրբեջան կատարած այցը: Դրանից հետո իրանական դիսկուրսներում, նաև հռետորաբանության մեջ հստակորեն զգացվեց, որ Իրանը չի պատրաստվում լռելյայն հետևել Ադրբեջանի այն գործունեությանը, որը նա ծավալում է հատկապես Իսրայելի հետ գործակցության դաշտում: Եթե այս տարվա կտրվածքով նայենք գործընթացներին, ապա արցախյան հակամարտության համատեքստում արված հայտարարություններից պետք է առանձնացնել որոշ ժամանակ առաջ Իրանի արտգործնախարարի խոսնակի այն հայտարարությունը, որտեղ, ըստ էության, շեշտվում էր, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Արցախի բնակչության կամարտահայտության հիման վրա, այսինքն՝ փաստացիորեն ճանաչվում էր Արցախի՝ ինքնորոշման միջոցով սեփական ճականագիրը տնօրինելու իրավունքը: Երկրորդ հայտարարությունը Լարիջանիի հայտարարությունն էր մեր ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում, որտեղ շեշտվել է, որ Իսրայելը չպետք է որևէ կերպ ներգրավածություն ունենա արցախյան հակամարտությանը: Բնական է, որ այս հայտարարությունը պետք է դիտարկվի որպես զգուշացում Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական կողմն է, որ անուղղակիորեն Թել–Ավիվին ներքաշում է այս հակամարտության մեջ՝ զենքի, սպառազինությունների առքուվաճառքի իրականացման միջոցով:
– Իսկ կարելի՞ է այդ հայտարարությունը դիտել որպես անուղղակի պատասխան Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությանը:
– Չեմ կարծում, թե երկու գործընթացներն ուղղակիորեն կապված են, բայց եթե մեծ հաշվով դիտարկենք ադրբեջանական գործելաոճը կամ Բաքվի բռնապետական վարչակարգի իրականացրած քայլերը, ապա կասկած չկա, որ Ադրբեջանը փորձում է մասնակցել հակաիրանական բնույթ ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին կամ հնարավոր դաշինքների ձևավորմանը: Մյուս կողմից, Իլհամ Ալիևի վարչակարգն ամրապնդում է իր կապերը Իսրայելի հետ: Ըստ Wikileaks–ի տվյալների՝ ժամանակին Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան–Իսրայել հարաբերությունների տեսանելի հատվածը նման է այսբերգի վերևի մասին, մինչդեռ հիմնական հատվածը չի երևում: Նաև Սաուդյան Արաբիայում հակաիրանական դաշինքի ձևավորման գործընթացին Ադրբեջանի բռնապետի մասնակցությունը նույնպես ցուցիչ է առ այն, որ այս պետությունն ունի հակաիրանական հստակ դիրքորոշում: Շատ դեպքերում այդ դիրքորոշումը միգուցեև բարձրաձայն չի արտահայտվում: Բայց եթե դիտարկենք իրական դաշտում կատարված քայլերը, ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը նույնքանով հակաիրանական է, որքանով հակահայկական է:
– Իսկ Լարիջանիի այս հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Դրան կարո՞ղ են կոնկրետ գործողություններ հետևել:
– Իրանցիների հռետորաբանությունը չափազանց կարևոր է: Սովորաբար այն չեզոք է ու հավասարակշիռ: Բայց արդեն երկրորդ անգամն է, որ նկատվում է շեշտադրումների փոփոխություն՝ ոչ հօգուտ ադրբեջանական կողմի: Ինչ վերաբերում է գործնական քայլերին, ապա ակնհայտ է, որ Իրանն օգտագործելու է իր ունեցած ողջ գործիքակազմը, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ներսում իրանամետ, շիա հավատացյալների հսկա առկայությունը, որպեսզի չեզոքացնի իսրայելական ներկայությունը Ադրբեջանում: Այս համատեքստում Իրանը նաև բավականին մեծ գործիքակազմ ունի՝ կիրառելու միջազգային ասպարեզում, հատկապես իսլամական երկրների շրջանակում՝ սահմանափակելու Ադրբեջանի թե հակաիրանական, թե նաև հակահայկական գործունեությունը: Այստեղ Հայաստանի և Իրանի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են: – Իսկ կատարվելիք այդ գործողությունների համատեքստում՝ հնարավո՞ր է համագործակցություն Հայաստանի հետ:
– Հայ–իրանական համագործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե նաև վերջին շրջանում ռազմաարդյունաբերական ու պաշտպանական ոլորտներում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Իրանի հետ մեր հարաբերություններում մենք իրացնում ենք երկկողմանի օրակարգ: Բնական է, որ այդ օրակարգը կարող է ձեռնտու չլինել մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող երկրների համար: Բայց դա ոչինչ չի նշանակում:
– Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ Ադրբեջանում ի՞նչ արձագանքներ կան Լարիջանիի հայտարարության առնչությամբ:
– Առայժմ պաշտոնական արձագանքներ չկան: Համենայնդեպս, ադրբեջանական մամուլում այդ հայտարարությունը մասնակի աղավաղումներով, բայց տարածվել է: Բայց դա չի կարող վրիպել Ադրբեջանի ղեկավարության աչքից: Որովհետև Իրանի կողմից ցանկացած զգուշացում Ադրբեջանում առաջացնում է լուրջ անհանգստություն՝ հաշվի առնելով ազդեցության այն հսկայական լծակները, որն ունի Իրանը Ադրբեջանի՝ նաև ներքաղաքական զարգացումների վրա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում