Վատացել է հացադուլ հայտարարած ընտանիքի մայրը
Նախագահական նստավայրի առջև արդեն երեք օր նստացույցի դուրս եկած Առուշանյանների ընտանիքի մայրը՝ Անահիտ Առուշանյանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, վատացել է:
«Մայրս հիմա ծանր վիճակում է գտնվում և պառկած է մեքենայի մեջ: Նրա ճնշումը հասել է 160-ի, շտապօգնության բժիշկները ուզում էին տեղափոխել հիվանդանոց, սակայն մայրս չհամաձայնեց, ուզում էին սրսկեին դարձյալ չթողեց, քանի որ հացադուլ ենք սկսել եւ խմելու ենք միայն սովորական ջուր»,- Shabat.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Անահիտի որդին՝ Սլավիկ Առուշանյանը:
Երեք օր շարունակ ընտանիքի վիճակով չի հետաքրքրվել ո՛չ կառավարությունը, ո՛չ Առողջապահության նախարարությունը: Փորձեցինք հասկանալ, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ղեկավար մարմինները՝ անժամկետ հացադուլի դուրս եկած ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար:
Առողջապահության նախարարությունը միայն մեզ հետ զրույցում տեղեկացավ, որ նման կարգավիճակում գտնվող ընտանիք կա, և փորձելու է շտկել իրավիճակը՝ շտապ օգնության մեքենա ուղղարկելով՝ ընտանիքի առողջությանը հետևելու համար:
Հիշեցնենք, որ ընտանիքը պահանջում է ազատել վարկածի հիման վրա 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկված որդուն՝ Աշոտ Առուշանյանին:
