Վայքի քաղաքապետի պաշտոնը կստանձնի ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը
Վայքի քաղաքապետի պաշտոնը՝ 4 տարի լիազորությունների ժամկետով, կզբաղեցնի ՀՀԿ անդամ, մինչ այժմ՝ Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արագած Սաղաթելյանը:
Նա ընտրվել է նախօրեին՝ հունվարի 18-ին, Վայքում կայացած քաղաքապետի արտահերթ ընտրության արդյունքում՝ առանց մրցակցի:
Միակ թեկնածուի օգտին, ով առաջադրված է ՀՀԿ-ի կողմից, կողմ է քվեարկել 1 924, դեմ՝ 109 ընտրող: 72 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված նախնական արդյունքների՝ Վայքի 5 224 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2 105-ը կամ ընտրողների մոտ 40,3 տոկոսը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր թիվ 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած երկրորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական, «ՀԷՑ» ՓԲԸ «Արաքս» մասնաճյուղի Վայքի ՀԷԿ-ի վարպետ Ալեքսան Սիմոնյանը, սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել:
Վայքի քաղաքապետի արտահերթ ընտրության անցկացումը պայմանավորված է նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ: Նա 2014թ-ի նոյեմբերի 6-ին իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
ՀՀ կառավարության նույն օրվա որոշմամբ Հարություն Սարգսյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին:
