Վճռաբեկ դատարանի նախագահի ապօրինությունները բացահայտում է իր իսկ եղբայրը
Shabat.am-ը գրում է. Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ Ռուբեն Մկրտումյանը, նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ է ուղարկել: Նամակում իր եղբոր օրինակով հիմնավորել է Հայաստանի դատական համակարգի կոռումպացված լինելը: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Մկրտումյանը:
«Մեր քաղաքում արդեն վաղուց գաղտնիք չէ, որ ամենակոռումպացված համակարգը դատական համակարգն է, որի մասին 2013թ. իր զեկույցում նշել է ՀՀ օմբուդսմենը: Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի նախագահի անսահման իշխանությունը բոլոր դատարանների որոշումների նկատմամբ, օմբուդսմենն այն անվանեց «հանցագործ զոնալ համակարգ»,- ասաց Ռուբեն Մկրտումյանը և հավելեց, որ մեկ շաբաթ առաջ նամակը փոխանցել է նախագահի մամուլի գրասենյակ, իսկ այս շաբաթ նամակի անգլերեն տարբերակը փոխանցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին, Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղարին և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության նախագահին:
Նախագահին ուղղված նամակում Մկրտումյանն իր եղբորն անվանել է «մեծամիտ և ամբարտավան», որն անսահման սեր ունի փողի, անշարժ գույքի նկատմամբ և Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո քաղաքի կենտրոնում ձեռք է բերել մի քանի թանկարժեք բնակարան և առանձնատուն, ինչն ըստ նրա, եղբայրը չէր կարող իրեն թույլ տալ իր ստացած աշխատավարձով։
Ըստ Մկրտումյանի, իր «կոռումպացված» եղբոր նշանակումը նախագահի կադրային քաղաքականության ամենախոշոր սխալն է։ Նա նաև նշել է, որ «անառակ որդուց»՝ Արման Մկրտումյանից դատարանի միջոցով անվանափոխություն և ալիմենտ պահանջող իրենց հայրը՝ Յուրի Մկրտումյանը ոչ թե խելագար է, ինչպես նրան նրկայացրել է Վճռաբեկ դատարանի նախագահը, այլ առողջ միտք ունեցող մարդ։
Արման Մկրտումյանը եղբոր խոսքով՝ անսահման իշխանություն ունի բոլոր դատարանների որոշումների վրա, որի անպատժելիությունը հանգեցրել է որոշ դատավորների լկտիության։
«ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում քիչ չեն այն բանտարկյալները, որոնք այնտեղ հայտնվել են անհիմն կերպով ՎԴ նախագահի գործունեության հետևանքով»,- բաց նամակում գրել է նա։
Ռուբեն Մկրտումյանը հերքեց այն լուրերը, թե իր եղբոր ունեցվածքի ձեռքբերման կասկածելի աղբյուրների և նրա գործունեության մասին տեղեկություններն ինքը սկսել է տարածել, երբ եղբայրը հրաժարվել է միջամտել իր կնոջ հետ կապված դատական գործին։
