Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճիռը
Փաստինֆոն գրում է. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ մերժվեց հիշյալ դատավճռի դեմ մեղադրողի բողոքը:
Դատախազ Ա.Ափիյանն իր բողոքում միջնորդում էր բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ 30.05.2014թ. դատավճիռը, որով նա արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով /1 դրվագ /, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /5 դրվագ / և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /7 դրվագ / առաջադրված մեղադրանքում, այն է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ:
Մեղադրողը միջնորդում էր ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովին մեղավոր ճանաչել հիշյալ դրվագներով ու դատապարտել ազատազրկման ձևով պատժի՝ ամբաստանյալ Ա.Ցվերիանովին կալանքի վերցնելով դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհիմն է. դատարանը սխալ հետևության է հանգել և արդյունքում կայացրել է անհիմն դատական ակտ: Մեղադրողն իր բողոքում մեծ տեղ էր հատկացրել նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայության կողմից հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը. նյութերը նախապատրաստվել են քննիչի կողմից պաշտոնեական կեղծիքի, այն է՝ քննչական գործողությանը չմասնակցած, սակայն արձանագրության մեջ հայտնված թարգմանի ստորագրության առնչությամբ:
Պաշտպան Անժելա Հոբոսյանը առարկեց վերաքննիչ բողոքի դեմ՝ հայտարարելով, որ մեղադրողը բողոքում հստակ չի մատնանշել, թե առաջին ատյանի դատարանը օրենքի ո՞ր նորմերն է խախտել: Մեղադրողը չի մատնանշել նաև, թե Ա.Ցվերիանովին մեղսագրված գողություններն ու գողության փորձերը ո՞ր ապացույցներով է հիմնավորել նախաքննական մարմինը, որոնք առաջին ատյանի դատարանն անհիմն անտեսել է:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
