Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Զապի խափանման միջոցը
Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ առայժմ չի ստացել որոշումը, որպեսզի պարզ լինի, թե ինչ հիմքով են մերժել փոխել խափանման միջոցը: Վահագն Մարտիրոսյանը շեշտեց, որ այս որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Նա նաեւ ասաց, որ առայժմ նորություն չկա Անդրանիկ Սողոյանին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ դիմումից:
Փաստաբանը հատնեց նաեւ, որ իր պաշտպանյալի մասին սուտ տեղեկություններ են տարածվում լրատվամիջոցներում, առաջիկայում ինքը այցելելու է նրան եւ հանդես է գալու մամուլի ասուլիսով, որպեսզի լույս սփռի մի շարք հարցերի վրա:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու նիստին վերջինս չի մասնակցել, դիմում էր ներկայացրել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է դիմել ՔԿՀ-ին, որպեսզի իր պաշտպանյալը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի:
