Վերին էշելոններում ով ում ոտքի տակն է փորում եւ ինչո՞ւ...
Այս թեմայով
ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Է ՀԱՍԵԼ...
Հայաստանում գնալով շատանում է դեֆիցիտը: Խոսքն առայժմ չի գնում սննդամթերքի մասին, որի գները մինչ այժմ աննկատ էին թանկանում, իսկ նոր տարվանից, հանավանաբար, թռիչքային աճ են ունենալու: Այսօր մեզանում գնալով խորանում է ֆինանսական միջոցների դեֆիցիտը: Բացի խորհրդարանում բորբոքվող բյուջետային կրքերից, դրամական միջոցների պակասի մասին են խոսում նաև նախարարությունների թվի կտրուկ և սրնթաց կրճատումները:
Եթե մինչ այժմ հայրենի կառավարությունը յոլա էր գնում ուսումնական և առողջապահական հաստատությունների օպտիմալացումներով, ապա այժմ ստիպված է օպտիմալացնել հենց իր սեփական կառույցները: Նշանակում է, դանակը ոսկորին է հասել, և այդքան մարդ պահել չեն կարող, եթե անգամ այդ մարդիկ մեծամասամբ իրենց հարազատներն ու յուրայիններն են:
Եվ ինչո՞ւ պետք է դեֆիցիտ չլինի, եթե ռուսաստանյան ռուբլու գահավիժումը ուղղակիորեն խփում է այդ երկիր արտագաղթած մեր հայրենակիցների գրպաններին ու ցամաքելու վտանգի տակ դնում այստեղ մնացած հարազատ-բարեկամ-խնամիների՝ գնացածների հաշվին ապրելու կամ գոնե գոյությունը պաշտպանելու աղբյուրը:
Արևմտյան քեռիներն էլ, ըստ ամենայնի, էլ չեն ուզում վարկավորել-գրանդավորել այն ժողովրդին, ով առանց ներողություն խնդրելու արևմտյան բարեհունչ ԵՄ հապավումը փոխեց երեք տառով, այսինքն՝ ԵՏՄ-ով:
Ցավոք, փողը մեր երկրում միակ դեֆիցիտ ապրանքը չէ: Արտագաղթի բոլոր ռեկորդները խփած Հայաստանի առջև ամենայն սրությամբ կանգնել է մարդկային դեֆիցիտի խնդիրը: Մենք արդեն հասցրել ենք համակերպվել այն իրողությանը, որ բազմաբնակարանային շենքերի բնակարանների առնվազն 30 տոկոսը դատարկ են, իսկ էլիտարները՝ դատարկ են գրեթե ամբողջովին՝ չնայած որ դրանցում եղած բնակարանները բոլորն էլ տեր ունեն: Սակայն այժմ մարդասակավության վարակը հասել է իշխանական բարձրագույն էշելոններին: Գուցե, նախարարությունների կրճատման պատճառներից մեկն էլ այն է, որ երկրում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլ պորտֆելավորների թիվն էլ է կրճատվել:
Չե՞ք նկատել. վերջերս գրեթե ոչ մեկին չեն հեռացնում: Մարդիկ ինքնակամ են լքում պաշտոնները, իսկ նրանց տեղը այդպես էլ թափուր է մնում: Տարածքային կառավարման նախարար այնքան ժամանակ չգտնվեց, որ որոշեցին պաշտոնը կրճատել: Էլ չենք խոսում ԱԽՔ-ի մասին, որի պաշտոնը Արթուր Բաղդասարյանի հեռանալուց ամիսներ անց էլ դեռ թափուր է մնում:
ՏԱԿԱՌ ԳԼՈՐՈՂՆԵՐԸ...
Իսկ գուցե բանն այն է, որ իշխանությունը չունի վստահելի մարդկային ռեսուրսներ, որոնց վրա կարող է հիմնվել: Այստեղ էլ առաջ է գալիս վստահության դեֆիցիտի հանգամանքը: Այսինքն, բավական չէ, որ ժողովուրդը վաղուց արդեն չի վստահում իշխանություններին, հիմա էլ իշխանության ներսում է անվստահության մթնոլորտ ստեղծվել, երբ անգամ երկրի ղեկավարը չունի վստահություն, որ իրեն մոտ կանգնած մարդիկ վաղն իրեն չեն դավաճանի:
Ի լրումն այս ամենի, երկրում ակնհայտորեն զգացվում է ընդդիմադիր ուժի դեֆիցիտ նույնպես: Այսինքն, որքան ավելանում է իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի թվաքանակը, այդքան սակավ է դառնում նրանց հավաքական ազդեցությունն ու վճռականությունը: Մարդիկ անգամ հանրահավաքի օր չեն կարողանում որոշել, էլ ինչ ասենք ավելի լուրջ ու երկարատև գործողությունների համաձայնեցման մասին: Ինչպես հալվա ասելով բերանը չի քաղցրանում, այնպես էլ իշխանափոխության մասին խոսելով այն իրականություն չի դառնում:
Ահա այսպիսի համընդանուր դեֆիցիտի պայմաններում էլ գնում ենք դեպի բաղձալի 2015-ը, որը, կարող էր մեր ազգային ինքնահաստատման, ազգային ցնծության պահը դառնալ: Այնինչ մերօրյա չինովնիկներից շատերի բան ու գործը, իրար ոտքի տակ փորելն ու միմյանց ուղղությամբ տակառներ գլորելն է մնացել, որի ձայնը դեռ կլսենք ազգովի: Ի դեպ այս համատեքստում զգոնություն ցուցաբերելու կարիք ունի նաեւ մեր բազմաչարչար վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը, ուր որոշ նազիր-վեզիրներ ու ժամկետանց կամակատարներ, իրենց սեփական խաղի արդյունքում լուրջ «պանդոժկաներ» կարող են տալ հենց Արգամիչին, քանի որ շատ հաճախ նրա անունից շրջող շպիոն օնիկները ավելի շատ թողնում են, քան տանում…
Կարապետ Մարգարյան