Վերջին 10 տարում Հայաստանը սրտաբանության ոլորտում հսկայական առաջընթաց է արձանագրել. Բ. Ալեքյան
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանը սրտաբանության ոլորտում հսկայական առաջընթաց է արձանագրել։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանում ավելի քան 10 խոշոր սրտաբանական կենտրոն է գործում, որոնք զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, անհրաժեշտ սարքավորումներով եւ որոնք, իհարկե, լավ մասնագետներ ունեն։ Այդ ամենը հնարավորություն է տալիս օգնել հիվանդ սիրտ ունեցող հազարավոր մարդկանց։
Բժիշկ Ալեքյանը նաեւ խոշոր առաջընթաց է համարում Սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրի ներդրումը, ինչի շնորհիվ, սրտամկանի սուր կաթվածով մարդկանց սկսել են ժամանակին օգնություն տրամադրել պետպատվերի շրջանակում. այս ծրագիրը եւ այն վիրահատությունները, որոնք իրականացվում են նրա շրջանակում, զգալիորեն կնվազեցնեն Հայաստանում սրտամկանի սուր կաթվածի մահացու ելքերը, պնդում է մասնագետը։
«Սրտամկանի սուր կաթվածով հիվանդներին օգնելու առումով Հայաստանը Եվրոպայում ընդունված միջինից բարձր մակարդակ ունի, եւ դա շատ լուրջ ցուցանիշ է», - նշել է բժիշկ Ալեքյանը։
slaq.am
