«Վերնիսաժ»-ի դատաքննությունը կարող է սկսվել ու նորից հետաձգվել
«Վերնիսաժ»-ի գործով դատական քննությունը կարող է մեկնարկել առաջիկա 10 օրվա ընթացքում: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց քրեական գործով մեղադրվող Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ գործը դատական վարույթ է ընդունվել նոյեմբերի 3-ին, ուստի` հավանական է, որ արդեն նոյեմբերի 20-25-ին նշանակվի դատական քննության:
Ի դեպ, Արայիկ Ալվանդյանը նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն միջնորդություն է ներկայացրել, որպեսզի թույլ տրվի Վալերի Հովհաննիսյանին վիրահատել:
Ուստի՝ փաստաբանին հարցրեցինք նաև, թե հնարավո՞ր է գործի դատաքննությունը հետաձգվի մինչև իր պաշտպանյալը վիրահատության ենթարկվի:
Արայիկ Ալվանդյանը չկիսեց այս տեսակետը` ենթադրելով, որ մինչ այդ միջնորդությունը հազիվ թե բավարարվի, հետևաբար ինքը պատրաստվում է նույն միջնորդությունը ներկայացնել նաև դատարանում: Հարազատների պնդմամբ՝ Վալերի Հովհաննիսյանը ՔԿՀ էր տեղափոխվել վիրահատությունից հետո` «աղիքը կողքից կախված»:
Հիշեցնենք՝ մայիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Վերնիսաժի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ: Ավելի ուշ պարզվեց, որ կրակողը եղել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ 28-ամյա Գոռ Առաքելյանը:
Դեպքի օրը վիճաբանություն է սկսվել Գոռ Առաքելյանի և նրա ավտոմեքենայի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի միջև, որի արդյունքում Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից և մոտենալով նրանց՝ կրակել:
Գոռ Առաքելյանից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև Վալերի Հովհաննիսյանին և Նորայր Հարությունյանին:
