«Վերնիսաժի» գործով կալանավորին, որը պետք է վիրահատվեր, հետ են տարել կալանավայր
«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված Վալերիկ Հովհաննիսյանը, որին երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց, վերադարձրել են կալանավայր: Այս մասին shabat.am-ին ասաց Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ որդուն հետ են տարել կալանավայր, քանի որ հիվանդանոցում փաստաթղթային խնդիրներ են առաջացել, որոշ փաստաթղթեր պակասել են:
Տիկին Լիայի նշեց, որ որդու վիճակը ծանր է, եւ անհրաժեշտ է շտապ վիրահատություն, պետք է ներս տեղադրեն հաստ աղիքը:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
