«Վեշերս հետս բերել եմ, թո՛ղ գնամ տուն». Ամբաստանյալը՝ դատավորին
Մոր կողմից իր 6 ամսական երեխային աշխատանքային շահագործման հանձնելու գործով ամբաստանյալ Լուսիկն այսօրվա դատական նիստում դատավորին խնդրեց իրեն թույլ տալ գնալ տուն՝ հայտարարելով. «Վեշերս հետս բերել եմ, թո՛ղ գնամ տուն»:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել գործով երկու ամբաստանյալների պաշտպանները, ինչպես նաև՝ ամբաստանյալ Լուսինեն՝ շահագործման հանձնված երեխայի մայրը։
Դատարանը կողմերին տեղեկացրեց, որ ամբաստանյալին ուղարկված ծանուցագիրը ետ է վերադարձել պատասխանով՝ տունը քանդված է: Նշենք, որ ամբաստանյալը բնակվում էր վարձակալական հիմունքներով:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը բավարարել էր ամբաստանյալ Լուսիկի պաշտպան Կարեն Մանուչարյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին և այսօրվա նիստում նախատեսվում էր այդ փորձաքննության եզրակացության հրապարակումը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նոր եզրակացությամբ ամբաստանյալն անմեղսունակ է ճանաչվել:
Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն և Լուսիկը 2011 թվականի սեպտեմբերին ծնված Լուսինեի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է Լուսիկին, իսկ վերջինս էլ, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկին պահելով, երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Լուսինեն ու Լուսիկն օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն:
Երեխայի մորը և Լուսիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը:
