«Վեթինգի պետք է ենթարկվի պետական ողջ ապարատը». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավապահ համակարգն առաջնահերթ պետք է խորն ու արմատական վեթինգի ենթարկել, դրանում որևէ կասկած չկա ու չպետք է լինի։
Հատկապես այդ համակարգերը, իրենց բովանդակությամբ և գործելակերպով, չեն համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին։
Բնականաբար, վեթինգի պետք է ենթարկվի ողջ պետական ապարատը, բայց հաշվի առնելով գոյություն ունեցած և ունեցող մարտահրավերները, որոնք իրենց բովանդակությամբ ու բնույթով մաֆիոզ ու քրեական են, առաջնահերթ է հենց իրավապահ ողջ համակարգի (դատարան, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, ՔԿՀ, ԴԱՀԿ, ՊԵԿ) վեթինգը։
Հատային լուծումները խիստ խոցելի են ու ավելի վտանգավոր, մանիպուլիացվելու և շահարկումների ենթարկվելու տեսակետից, որոնք իրենց հերթին են դառնում լրացուցիչ խոչընդոտող գործոններ ժողովրդավարական և իրավական, ինքնիշխան պետության վերականգնման գործընթացին։
Հապաղել ու ուշացնել պետք չի»: