VIDEO Մատնահետքեր ստուգելու սարքը չի ճանաչել Լեւոն Տեր-Պետրոսյանի մատնահետքերը (Ֆոտո)
Ապրիլի 2-ին` Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում մատնահետքեր ստուգելու սարքը չի ճանաչել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մատներից ոչ մեկը։ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է Երեւանի 9/18 ընտրատեղամասում (ֆոտոռեպորտաժ):
«Գյուղատնտեսական աշխատանքներից է», - մեկնաբանել է նա տեխնիկայի չգործելը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը`առաջին նախագահին քվեարկության կտրոն են տվել, եւ նա քվեախցիկ է մտել:
Սարքը սպասարկող աշխատակցուհին ասել է, որ սարքը չի ճանաչել երկու նախագահների մատնահետքերը, եւ դրանք միակ դեպքերը չեն, եղել են նաեւ այլ քաղաքացիներ: Նման դեպքերում սարքը միեւնույն է տպում է կտրոն, որպեսզի մարդը կարողանա քվեարկել, իսկ դրանից հետո միեւնույն մարդն էլ չի կարողանա քվեարկել մեկ այլ տեղում:
Քվեարկությունից հետո ընտրողների այն հարցին, թե արդյոք նա պատրաստվում է խորհրդարան մտնել, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հաղթահարի 7 տոկոս շեմը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարճ պատասխանել է. «Էնքան եմ մտել»:
Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
