Video.Կապիտանը, շարքայինն ու հոգևորականը կատարում են Հայոց բանակին նվիրված երգ
Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնը հռչակված լուսահոգի կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի «Հայոց բանակ» երգն արդեն ունի տեսահոլովակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգը ձայնագրելու, այնուհետև այն տեսահոլովակի վերածելու մտահղացումն առաջացել է
զորամասի գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և 5րդ Բանակային զորամիավորման համահավաք նվագախմբի դիրիժոր, կապիտան Դավիթ Արզումանյանի մոտ: «Նախապես միայն նպատակ կար երգը ձայնագրել և նվիրել Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնադրման և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կազմավորման 20 ամյակներին, սակայն ապրիլյան սահմանային աննախադեպ լարվածությունն ու մեր զինվորների հերոսական պայքարը մեզ հուշեց, որ այն նվիրվի նաև ապրիլյան մեր բոլոր հերոս զինվորներին: Խրոխտ և ոգևորող քայլերթը հաղթանակած Հայոց բանակի մասին է, որը կոչ է անում ոտքի ելնելու և Հայոց լեռներն ու Հայոց բանակը պատվով պահելու, զենքով ոգով, արիությամբ և հավատքով»,ասում են մտահղացման հեղինակները: Երգը կատարում են Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, կապիտան Դավիթ Արզումանյանն ու շարքային Վահե Մարգարյանը, ով «X Factor» նախագծի հաղթողներից է: Երգի գործիքավորումը կատարել են Տիգրան Իշխանյանն ու Դավիթ Արզումանյանը, օպերատոր և ռեժիսորն է Աշոտ Մկրտչյանը:
