Video. Ոստիկանության զորքերը ձմեռային շահագործման անցնելու ստուգատես են անցել
Նոյեմբերի 1-ից 15-ը ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի հրամանով անցկացվել է մարտական պատրաստականության պլանով նախատեսված սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատեխնիկայի ձմեռային շահագործման անցնելու սեզոնային սպասարկման աշխատանքների ստուգատես:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան աշխատանքները սկսելը, անձնակազմը երկօրյա դասընթացների ժամանակ կատարելագործել է մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Զինծառայողները ծանոթացել են անվտանգության կանոններին, դյուրավառ նյութերի հետ աշխատելու ընթացքում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման առանձնահատկություններին:
Անձնակազմին հատկացվել են տեխնիկայի ձմեռային շահագործմանն անցնելու համար անհրաժեշտ նյութերն ու պահեստամասերը: Տեխսպասարկումն իրականացվել է հրամանատարական կազմի անմիջական հսկողությամբ, անվտանգության և առաջին օգնություն ցուցաբերելու համար բարձր պատրաստականությամբ:
Աշխատանքների ավարտին անցկացվել է տեխնիկայի և սպառազինության ստուգատես, ինչից հետո ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով, այն փոխադրվել է ձմեռային պայմաններում շահագործման:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ոստիկանության զորքերում ձմեռային փուլին անցնելու միջոցառումները շարունակվում են նաև թիկունքի և կոմունալ շահագործման ծառայությունների մասով:
Կատարվում են զինծառայողների ձմեռային համազգեստի և հանդերձանքի պահեստավորման և հատկացման, շենք-շինությունների, աշխատասենյակների, զորանոցների ջեռուցման աշխատանքներ:
Դեռ օգոստոս ամսից իրականացվում է բնամթերքի ամբարում: Հավաքվել, չորացվել և պահեստավորվել են կանաչեղեն, բույսեր ու դեղաբույսեր, հատապտուղներ, մեղր և չիր: Իսկ բանջարեղենի ու պահածոյացված սննդամթերքի բաշխման աշխատանքն իրականացվում է նոյեմբերից: Նախ բանջարեղենը սահմանված կարգով ընդունվում է ոստիկանության զորքերի պարենային պահեստ, այնուհետև բաշխվում զորամասերին: Տեսակավորման և պահպանման աշխատանքներն իրականացվում են զորամասերում՝ պատասխանատու ղեկավար անձի հսկողությամբ:
Սահմանված պլանի համաձայն՝ սննդամթերքի ամբարման և մթերման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 10-ին:
