Վիրավորները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման էին ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի դիրքապահ ուժերի թիկունքում տեղակայված ստորաբաժանումները: Հրետակոծման հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ, կան վիրավորներ:
ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ amda.am կայքի թղթակիցներին հայտնեց, որ հաշվի առնելով ժամկետայինզինծառայողներ Արկադի Մուրադյանի, Արման Ստեփանյանի առողջական վիճակում արձանագրված դրական տեղաշարժը՝ վիրավորները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:
Թղթակիցների հետ զրույցի ժամանակ Արկադի Մուրադյանը, որի մոտ առկա է աջ բազուկի բեկորային վնասվածք, պատմեց.
-Սեպտեմբերի 25-ին առաջնագծից մոտավորապես 8-9 կմ հեռավորության վրա կրակային պատրաստվածության պարապմունքներն էինք անցկացնում, երբ սկսվեց հրետակոծումը: Մեզ հետ ուսումնական վարժանքի բարձրացած զորամասի բժիշկը տեղում անմիջապես սկսեց վիրակապել վիրավորներին, իսկ րոպեներ անց մեզ օգնության եկավ նաև բժիշկների խումբը: Նրանք վիրավորներին տեղափոխեցին Մարտակերտի ԱԲՋ, ապա՝ Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղից էլ՝ Երևան:

