Վիրավորված զինծառայողներից մեկը ենթարկվել է պլաստիկ վիրահատության
Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորներից մեկը, ում մոտ առկա էին բազմաբեկորային վնասվածքներ այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության. այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից:
Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել: Մյուս վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն:
Վիրավորներն անցնում են վերականգնողական բուժում և գտնվում են մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագետներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն այսօր այցելել են նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող վիրավորներին:
