Վնասները փոխհատուցում է պետությունը
Մոտ երկու շաբաթ առաջ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց այդ քաղաքի մի բնակչի, որը տեղում մահացավ: Եղան մարդիկ, ովքեր նույնիսկ մտածեցին, թե ողբերգությունից հետո քաղաքապետը հրաժարական կտա: Բայց ինչո՞ւ: Ի՞նչ է պատահել, որ դրա պատճառով մարդը հրաժեշտ տա իր եկամտաբեր աշխատանքին: Արամ Դանիելյանը ոչ միայն ազատման դիմում չգրեց, այլև շատ չանցած նրա զավակը հայտնվեց հարազատ օջախում:
Հիմա դրան հաջորդում է մյուս քայլը: Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Այլ խոսքով ասած` կատարվում է վնասների փոխհատուցում: Որդին փչացրել է պետության սեփականությունը, և հայրը շտապում է լրացնել կորուստը նույն պետության գումարներով: Դանիելյաններն իրավունք չունեն ոչ մի դեպքում լինել տուժող կողմ: Նրանց կարգավիճակում դա ներելի պահվածք չէ:
