Վնասվածք է, կանցնի, ես բողոք չունեմ. Վերնիսաժի գործով տուժողներն էլ չեն բողոքում (Video)
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց և կրկին հետաձգվեց գործով դատական նիստը: Այս անգամ տուժողները ներկայացել էին նիստին, սակայն բացակայում էր ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը: Նրան առողջական խնդիրների՝ փորացավի և զարկերակային բարձր ճնշման պատճառով դատարան չէին բերել:
Կողմերն աննպատակահարմար համարեցին դատական նիստը շարունակել առանց Վալերի Հովհաննիսյանի և նրա պաշտպանի ներկայության:
Դատական նիստի ավարտից հետո «Առաջին լրատվական»-ը ձեռնափայտով, մի կերպ դատական նիստերի դահլիճ հասած տուժողից Մյասնիկ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ բողոք չեն ներկայացրել գործի քննության ժամանակ: «Չբողոքեցինք, որովհետև չէինք ուզում բողոքել: Բողոքեինք որ ի՞նչ լիներ, կամ պարտադի՞ր էր, որ բողոքեինք»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց նրա որդին:
«Բայց ձեզ վրա կերակել են օրը ցերեկով, ձեր ոտքը վնասված է…»,- մեր դիտարկմանը Հայրապետյանը պատասխանեց. «Դե, հիմա, վնասվածք է, կանցնի: Ես բողոք չունեմ»:
Մեր հարցին, թե՝ ճի՞շտ է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, գումար է տվել, որպեսզի չբողոքեն, տղան պատասխանեց. «Էդի սուտ ա, ձեզի խաբել են»:
Մյուս տուժողները չցանկացան խոսել և շատ արագ հեռացան դատարանից:
