Վրացի «գաստրոլյորները» ավազակային դաժան հարձակումներ են իրականացրել Երևանում
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Վրաստանի երեք քաղաքացիների՝ Գագա Կոպալիանիի, Նիկա Ղվալաձեի և Այվազ Իզմաիլովի գործի դատական քննությունը:
24-25 տարեկան ամբաստանյալներից առաջին երկուսը վրացի են, երրորդը՝ եզդի:
Նրանք մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով շինություն մուտք գործելով ու զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Գագան, Նիկան ու Այվազը նախնական համաձայնության են եկել, ժամանել Հայաստան և 2013 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում դանակներով զինված ներխուժել են Գարեգին Նժդեհի փողոցում գործող համակարգիչների խանութ:
Ավազակները հարձակում են գործել խանութի տիրոջ ու այդ պահին խանութում գտնվող նրա ընկերուհու վրա, դանակների գործադրմամբ տուժողների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ են տվել, կպչուն ժապավենով կապկպել նրանց:
