Վրաստանը պատրաստվում է վրաց-ռուսական սահմանին մեծ ավտոկայանատեղի կառուցել
Tert.am-ը գրում է.
Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը 200 թրեյլերների և այլ բեռնատար մեքենաների համար ավտոկայանատեղիի կառուցման մրցույթ է հայտարարել: Մեծ ավտոկայանատեղին պետք է գտնվի Ռուսաստանի հետ սահմանին, գրում է Грузия Online-ը:
«Պայմանների համաձայն՝ ներդրողը մինչև 2016 թվականի հունիսի 30-ը պետք է կառուցի առնվազն 200 մեքենայի համար նախատեսված, կայուն ծածկով պաշտպանված, ցանկապատով, լուսավորությամբ և 24-ժամյա տեսահսկման համակարգով զինված ավտոկայանատեղի և այնտեղ համապատասխան ենթակառուցվածք տեղակայի»,- ասված է գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:
Այդ տարածքում նախատեսվում է սքաներներ և մաքսային ընթացակարգերն անցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ տեղադրել:
Նախագծի մոտավոր արժեքը մոտ 4,4 միլիոն դոլար է։
