Վրեժխնդիր լինելով նախկին ընկերոջից՝ ստորացրել է նրա սիրած աղջկան՝ հասցնելով ինքնասպանության
Փաստինֆոն գրում է. 24-ամյա Անին խանդել էր սիրելիին անգամ նրա հետ կապերը խզելուց հետո: Պարզվել է, որ 2013 թ. փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում ամուսնության նպատակով նա մտերիմ հարաբերություններ է ունեցել տղամարդու հետ, սակայն հարաբերությունները խզվել են, որից հետո երիտասարդը մտադրվել է ամուսնանալ 20-ամյա Մարլենայի հետ։ Անին էլ որոշել է վրեժխնդիր լինել տղամարդուց եւ ստորացնել նրա սիրած աղջկան:
Ֆոտոշոփ ծրագրի միջոցով Անին 2013թ. հուլիս ամսին իր տանը, համակարգչով Մարլենայի լուսանկարներից գլխի հատվածները մոնտաժել և տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել պոռնկագրական բնույթի նյութ, այնուհետև 2013թ. հուլիսից մինչև ընթացիկ տարվա փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, «odnoklassniki.ru» և «В контакте» սոցիալական կայքերում Մարլենայի անվամբ բացել է անձնական էջեր, որոնցում տեղադրել է հիշյալ պոռնկագրական բնույթի նյութը` այն հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին:
Անիի կողմից Մարլենային ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) գործով նախաքննությունը շարունակվում է:
