ՎՍԴՀԿ-ն միանում է Ծառուկյան դաշինքին
ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը հանդես է եկել հայտարարությամբ.
Հարգելի՛ հայրենակիցներ
Հայաստանը կանգնած է Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը ոչ միայն որոշելու է առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կուրսը, այլ նաև ձևավորելու է կարևորագույն քաղաքական որոշումներ ընդունելու առաքելություն ունեցող իշխանական վերնախավ:
Այս իրավիճակը պահանջում է երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից դրսևորել համարժեք քաղաքական կեցվածք և համախմբել ուժերը երկրում արմատական դրական փոփոխությունների հասնելու համար: Այս առումով Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն քաղաքական այլընտրանքային բևեռ ձևավորելու լուրջ ներուժ է պարունակում:
2014թ. –ից ի վեր Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցել է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ մաս կազմելով համաժողովրդական շարժման, իսկ 2015թ. տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո շարունակել է արդյունավետ փոխգործակցությունն Ազգային ժողովում, Բարգավաճ Հայաստանի հետ միասնական ցուցակով մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Տարիների այս սերտ համագործակցությունը մեր կուսակցությունների միջև ապացուցել է իր կենսունակությունը, քաղաքական մոտեցումների ընդհանրությունը և ունի բոլոր հնարավորությունները շարունակվել նաև գալիք ընտրություններին և դրանցից հետո:
ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ
Լյուդմիլա Սարգսյան
