«Ղալաթ»-ից մինչև մանիկյուր
Comment
«Ղալաթ»-ից մինչև մանիկյուր
Պարզվում է՝ մեր հայրենական զագսերում աշխատող կանայք (իսկ նման տեղերում որպես կանոն աշխատում են բավականին լուրջ ու ջղայն դեմքի արտահայտությամբ տիկիններ և օրիորդներ) աշխատանքային ժամերին քաղաքացիներին սպասարկելու փոխարեն մանիկյուր ու մակիաժ են անում: Պատկերացնում ե՞ք: Եվ սա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հայտնագործությունն է. գնաց, զագսերի ղեկավարների հետ հանդիպեց, տեսավ ու ասեց՝ այլև չանեք, վերջ, ոչ մի մանիկյուր, ոչ մի մակիաժ:
Հիմա եմ հասկանում, թե քաղաքացիներն ինչու են հաճախ բողոքում, որ զագսերում ու զագսատիպ վայրերում համրյա միշտ հերթ է լինում և սպասելով ժամեր են կորցնում: Իսկ մեր նախարարը դա նոր է նկատում, չնայած Հովհաննես Մանուկյանի դեպքում դա ներելի է, քանի որ այդքան էլ երկար չի պաշտոնավարում, իսկ երևույթը նրանից առաջ էլ եղած կլնի, օրինակ՝ Հրայր Թովմասյանի օրոք: Բայց ես ինչ-որ չեմ հիշում, որ Հրայր Թովմասյանը զագսերի ղեկավարների հետ հանդիպեր ու մանիկյուրից խոսեր, քանի որ նա շատ ավելի լուրջ գործերով էր զբաղված, օրինակ՝ հայերենի բացատրական բառարանն էր ուսումնասիրում և մեկնաբանում «ղալաթ» բառի ծագումն ու իմաստները: Մի խոսքով, մարդը արդարադատության նախարար դառնալուց հետո էր միայն հասկացել, որ բանասիրությունն իրեն ավելի հոգեհարազատ է, քան իր մասնագիտությունը:
Ինչևէ, ինչ ղալաթ էլ որ Թովմասյանն արեց, սակայն մանիկյուրի ու մակիաժի դեմն այդպես էլ չկարողացավ առնել և երևույթը որպես ժառանգություն փոխանցեց Հովհաննես Մանուկյանին: Բայց մի վարկած էլ կա՝ մի ժամանակ Հրայր Թովմասյանը հիմնարկներում ինչ-որ դրես-կոդ մտցնելու մասին էր խոսում: Կարող է՞ զագսերի աշխատողները «դրես-կոդ» բառի իմաստը սխալ են հասկացել ու մտածել են, թե դա հենց մանիկյուր-մակիաժն է և սկսել են անելը...
Արտյոմ Եդիգարյան