Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ մի խնդրանք չի եղել»,-ասել է Բորդյուժան` պատասխանելով համապատասխան հարցին: Նա հավելել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել այն ներուժը, որն ունի», ուստի ոչ մի խնդրանք չի եղել:
Միևնույն ժամանակ Բորդյուժան դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն ըստ միջազգային իրավունքի ՀՀ մաս չի հանդիսանում, նշանակում է, որ ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին օգնության հասնել միայն եթե հարձակում կա նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: «Այո, դուք ճիշտ եք հասկանում»,-ասել է նա:
Բորդյուժան շեշտել է նաև, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման տեսակետից: «Եթե ռազմական գործողությունները կրկնվեն, մենք կտեսնենք ակտիվ և անմիջական զինված դիմակայություն, և դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ դեպքում այդ հակամարտության մեջ կներքաշվեն շատ պետություններ, դա կանդրադառնա Կովկասի շատ ժողովրդների վրա: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր կարևորն այնտեղ խաղաղություն ապահովելն է, որովհետև հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,-ասել է Բորդյուժան:
