Խաղաղությունը երաշխավորված չէ, պատերազմ կարող է սկսել ամեն պահի
Այն որ Ադրբեջանը դիմում է սադրիչ գործողությունների՝ միանշանակ է, սակայն ես հստակ չեմ կարող ասել, թե ինչի հետ էր կապված երեկ երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում տեղի ունեցած հրդեհը:
Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ չբացառելով, որ հրդեհը հնարավոր է եղել է ինչ-որ գյուղատնտեսական նպատակներով: Կոմանդոսը վստահ է՝ հակառակորդը երբեք պատերազմական լայնամասշտապ գործողությունների չի նախապատրաստվի, եթե Թուրքիան չպարտադրի: «Իհարկե նրանք ճամբարներ կխփեն, որոշ սադրիչ գործողությունների կդիմեն, բայց ես չեմ կարծում, որ դա կտանի լայնամասշտաբ պատերազմի»,-ասում է Արկադի Տեր-Թադևոսյանը: Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա Կոմանդոսին հասած տվյալների համաձայն այս կողմից հայկական կողմն ապահովված է: «Ասում են, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է և նորմալ: Տա Աստված այդպես լինի»,-ասում է Կոմանդոսը:
Նախկին հետախույզ Վովա Վարդանովն էլ նկատում է, որ խաղաղությունը երաշխավորված չէ և պատերազմը կարող է սկսել ամեն պահի: Նրա խոսքով՝ պատերազմ կարող է վաղն էլ լինել, մեկ տարի հետո էլ լինել, 10 տարի հետո էլ: «Ադրբեջանական կողմը պետք է որ սկսի, քանի որ հսկայական գումարներ ու ռեսուրսներ են ներդնում բանակի վրա: Նրանք խնդիր ունեն լուծելու ու ստիպված այդ ծախսերը ներդնում են, իսկ խնդիրը մեկն է՝ զավթել տարածքներն ու հայերին հայկական լեռնաշխարհից վերացնել»,-ասում է Վովա Վարդանովը: Նախկին հետախույզը նկատում է, որ ճիշտ չէ սպասել հակառակորդի կողմից ռազմական գործողությունների վերսկսկմանը:«Որքանով է ճիշտ սպասել մինչև իրենք քիչ-քիչ մաշեն մեր ժայռը, կամ միանգամից հարձակվեն ու փշրեն այդ ժայռը»,-նկատում է Վովա Վարդանովը:
Նա հիշեցնում է՝ սրանից մեկ ու կես տարի առաջ Պաշտպանության նախարարը հրաման էր տվել որպես կանխարգելիչ գործողություն, կրակ արձակել հակառակորդի ուղղությամբ, սակայն Վարդանովը վստահ չէ, որ այս գործողության իրավունքն այսօր աշխատում է: «Կանխարգելիչ գործողությունները չպետք է միայն տվյալ զորամասի հրամանատարն ինքը որոշի, թե որտեղ են կուտակումները և խփի: Երբ թուրքը ինչ որ բան է պլանավորում, ընդհանուր պետք է պլան մշակել ու կանխարգելել»,- նկատում է Վովա Վարդանովը և հույս հայտնում, որ մեր զորքերն այսօր ոչ թե սպասում են, այլ պատրաստվում հակահարվածի: «Ես ինքս պատրաստվում եմ, եւ հուսով եմ, որ մեր պաշտպանության նախարարությունն ու պաշտպանական բանակն էլ են պատրաստվում: Այլ հարց է, թե ինչպես են պատրաստվում»,- ընդգծեց Վարդանովը:
