Խորհրդարանն ընդունեց «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և կից օրենսդրական փաթեթը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 84 կողմ ձայնով ընդունեց «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և կից օրենսդրական փաթեթը։
Նախագծով նախատեսվում է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման և հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը:
Առաջին ընթերցմամբ խորհրդարանը նաև ընդունեց «Բանկերի և բանկային գործունեության մասին» և կից ներկայացված փաթեթը։
Վերջինս առաջարկում է Կենտրոնական բանկի կողմից սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային հարաբերակցությունից բարձր (ցածր) սահմանված թույլատրելի շեմ, որի խախտման դեպքում բանկերը կենթարկվեն չբաշխված շահույթը բաշխելու (այդ թվում՝ բաժնետոմսերը բանկի նախաձեռնությամբ հետգնելու կամ աշխատակիցներին պարգևավճարներ վճարելու) սահմանափակումների:
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից ներկայացված փաթեթը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ։
