Խորհրդարանն ընդունեց պետական դրոշի և զինանշանի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը
Կառավարությունը հնարավորություն կստանա սահմանել ՀՀ պետական դրոշի և զինանշանի կիրառության էտալոնային ձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ պետական դրոշի մասին և ՀՀ պետական զինանշանի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: ՀՀ պետական զինանշանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: ՀՀ պետական դրոշի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Օրենքների նախագծերի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կստանա սահմանել ՀՀ պետական զինանշանի և դրոշի հստակ ստանդարտ, որը կդրվի լայն կիրառության մեջ: Օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը կարողանա պետական դրոշի կամ զինանշանի գործածության դեպքում սահմանել օգտագործման տեխնիկական պահանջները՝ գունային գամման, տարածական և գրաֆիկական տեսքը: Օրենքի նախագծերի ընդունմամբ զինանշանը մնալու է նույնը, որևէ փոփոխության չի ենթարկվելու, պարզապես նախատեսվում են տեխնիկական փոփոխություններ, սահմանվելու է հստակ պետական ստանդարտ:
