Խոշոր ավտովթար Արմավիրում. բախվել են Москвич-ն ու Mercedes-ը.կան ծանր վիրավորներ
Սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Москвич մակնիշի 61 ՕՏ 240 համարանիշի և Mercedes մակնիշի 32 PP 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել դաշտամիջյան հատվածում և մոտ 250 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտով անցնող առվի մոտ: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու ուղևորը և Москвич-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան` Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Բաբկեն Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
