Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. կա 1 զոհ, 4 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է. Այսօր` օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մազրում: Ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Հրազդան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված ճանապարահատվածում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ծառայություն կատարող շտապօգնության բրիգադները: Դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերտաիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Գայի պողոտայի 1 շենքի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Պետրոսյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի, վիրավորների ինքնությունը:
