Խոստումները նորից մնալու են օդում կախվա՞ծ
«Նաիրիտ» գործարանի ներկա աշխատողները 3-ամսվա աշխատավարձ չեն ստացել, գործարանում աշխատող մոտ 450 մարդ 3 ամսվա աշխատավարձ չի ստացել։
«Երբ երկար պայքարից հետո կարողացանք մեր աշխատավարձերը ստանալ, գործարանում մնացած աշխատողներին վստահեցրեցին, որ այլևս նման խնդրի առաջ չենք կանգնելու, յուրաքանչյուր ամիս պարտադիր տալու են, բայց այդպիսի բան չեղավ: Ընդամենը դիմացի մեկ-երկու ամիսը նորմալ վճարեցին, որից հետո նորից պարտքեր են կուտակել: Այժմ մենք մտավախություն ունենք, որ անցյալը նորից կկրկնվի ու նորից իրենք մեզ կխաբեն»,- Fnews.am-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցը:
Աշխատակիցներին զայրացրել է հետևյալ հանգամանքը. «Մեզ զայրացրել է նաև այն հանգամանքը, որ նախարար Երվանդ Զախարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Նաիրիտի ներկայիս աշխատակիցների հանդեպ պետությունը որևէ պարտավորվածություն չունի: Բայց մինչ այդ նա անձամբ էր խոստանում, որ պարտադիր պետք է աշխատավարձ ստանանք»: Բողոքող աշխատողներին հետ հանդիպել է գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը և վստահեցրել, որ մինչև փետրվարի 20–ը 1 ամսվա աշխատավարձ կվճարեն: «Թե ինչու են նորից պարտքեր կուտակում, այդ մեր հարցին այդպես էլ պատասխան չեղավ,մեր հարցը օդում կախված մնաց: Ինչպես հին ժամանակներում էր, այդպես էլ հիմա միայն խոստումներ տվեցին, բայց մենք այդ խոստումներին չենք հավատում, որովհետև մինչև մեր բողոքի ակցիա անելը, մեզ ասել էին, որ փետրվարի 7-ին են աշխատավարձ տալու, բայց ոչ մի կոպեկ էլ չտվեցին: Դրա համար մենք նորից ոտքի կանգնեցինք»:
Աշխատակիցը տեղեկացրեց, որ տնօրենի հետ հանդիպումից հետո իրենք վերսկսել են աշխատանքը: «Մենք մինչև փետրվարի 20-ը կսպասենք, եթե այդ ժամանակ էլ մեկ ամսվա աշխատավարձ չտվեցին, ուրեմն մենք գործադուլ կանենք, Ռուբեն Սաղաթելյանի խոստումներին թերահավատորեն ենք վերաբերվում»:
Հիշեցնենք, որ ամռանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երկու տարվա պայքրաից ամռանը կառավարությունը վճարեց նրանց հասանելիք 18-24 ամսվա աշխատավարձը: Այդ ընթացքում կրճատվեցին 1700 աշխատակիցներ:
