Խփված ուղղաթիռի օդաչուների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խփված հայկական ուղղաթիռի երեք օդաչուների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Երևանի եկեղեցիներից մեկում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին Պաշտպանության նախարարությունից՝ ավելացնելով, որ սակայն դեռևս հստակ որոշված չէ, թե որ եկեղեցում:
Նշենք նաև, որ երեք օդաչուների մարմինները, ըստ նախնական տեղեկությունների, կամփոփվի Եռաբլուրում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, ինչը հետևանքով զոհվել էին ուղղաթիռի երեք օդաչուները՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
