Ընդդիմությունն ու իշխանությունը միասնական են՝ ժողովրդի մատից փուշ հանելու հարցում. Է. Շարմազանով
Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է. այսօր «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ընդգծեց, թե այս նախագծով բոլոր խմբակցությունների ու անհատ պատգամավորի առաջարկները հաշվի են առնվել:
«Մենք շատ ենք խոսում երկխոսության մասին, և սա իրոք դասական երկխոսության օրինակ է, երբ վեց խմբակցությունները և Կառավարությունը կարողանում են ժողովրդի, հանրության համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի»,-այսօր ասաց նա:
«Եվ ցույց տվեց, որ մենք կարողանում ենք անհրաժեշտության դեպքում համախմբվել՝ ընդդիմություն-իշխանություն, այլընտրանք-իշխանություն, թե անկախ պատգամավորներ»,-ասաց նա և հավելեց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ քաղաքական իշխանությունը, կառավարությունը ցույց են տալիս, որ լսում են ցանկացած պատգամավորի կառուցողական առաջարկը՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից:
«Սահմանամերձ համայնքի բնակչի համար երկրորդական է՝ մենք իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության պատգամավոր ենք, մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, որը Կառավարության հետ միասին պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր ժողովրդի մատից փուշ հանի»,-ասաց նա։
