Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված են եղել կառավարության որոշմամբ հատկացված լրացուցիչ եւ թափուր մնացած պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաեւ ընթացիկ մի քանի այլ հարցեր:
Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր եւ լրացուցիչ տեղերի բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի եւ մշակույթի բնագավառի ինչպես նաեւ մարզային բուհերին: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ, ընդառաջելով ԼՂՀ կառավարության խնդրանքին, լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: Որոշվել է հավասար միավորներ ունեցող դիմորդներին եւս ընդառաջել՝ ապահովելով նրանց կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա եւս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ թափուր մնացած վճարովի տեղերի վերաբաշխման հարցը: Անդրադարձ կատարելով ընդունելության ցուցակների հրապարակմանը՝ ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաեւ ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
