Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ինչպիսի հրթիռահրետանային միջոցներ է օգտագործում Հայաստանը
Համաձայն ադրբեջանցիների ու պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներ բարձրացրած վայնասունի, ինչպես նաև ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ԼՂՀ պաշտպանության բանակը երեկվանից խոցում է ադրբեջանական ռազմական հենակետերը հետևյալ հրթիռահրետանային միջոցներից:
1. 82 մմ. տրամաչափի ականանետ` հեռահարությունը 4200 մետր, առավելագույնը 4700 մետր, խիստ արդյունավետ է հետևակի օժանդակության հարցում և հակառակորդի զրահատեխնիկայի դեմ պայքարում:
2. 120 մմ. տրամաչափի ականանետ` հեռահարությունը 7100 մետր.
3. 122 մմ. տրամաչափի ականանետ` նշանառու հեռահարությունը 7200 մետր, առավելագույն հեռահարությունը 12800 մետր.
4. 122 մմ. տրամաչափի հաուբից Д-30` նշանառու հեռահարությունը 15000 մետր, առավելագույն հեռահարությունը 15200 մետր.
5. 152 մմ. տրամաչափի հաուբից Д-20` առավելագույն հեռահրությունը 17410 մետր, ռեկատիվ արկերի դեպքում մինչև 24000 մետր.
6. 122 մմ. տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ «Град» (БМ-21), առավելագույն հեռահարությունը 21000 մետր.
Հիշեցնենք որ համաձայն ԼՂՀ ՊՆ հաղորդագրության, ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:
Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ:
