Յուրացված 12 միլիոնի, Արագածոտնի մարզպետի և նրա եղբոր մասին
Քչերը կհիշեն, որ անցած տարի կառուցվեց և վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Արագածոտնի մարզի Օշականի Շաղվարդ գետի վրա կառուցված 18 մետր երկարությամբ կամուրջը: Պարզվում է՝ կամրջի շինարարության համար բյուջեից հատկացվել էր 20 միլիոն դրամ, սակայն, մասնագետների կարծիքով, ծախսվել է մոտ 6-8 միլիոն դրամ, իսկ հիմնական գումարն անակնկալ ձևով անհետացել է: Այժմ իրավապահ մարմինները զբաղվում են Արագածոտնի մարզպետարանի շինարարական ծրագրերի աշխատանքներով:
Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը Shabat.am-ի լրագրողին վստահեցրեց, որ շրջանառվող լուրերը՝ յուրացման մասին, անհիմն են և իրավապահ մարմինները կարող են ցանկացած տեղեկություն հետաքննության համար հիմք ընդունել:
Տեղեկացանք, նաև որ ինչ-որ հրաշքով Արագածոտնի մարզում «Ես և նա» շինարարական կազմակերպություն է գործում, որը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս պատկանում է մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը:
Արագածոտնի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող շինարարական կազմակերպության համար, որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում: Ինքը՝ մարզպետը, բնականաբար ժխտում է, որ, չարաշահել է պաշտոնական դիրքը՝ օգնելով եղբորը:
Իսկ թե ու՞ր է անհետացել կամուրջի կառուցման համար նախատեսված և յուրացված 12 մլն դրամը, որն ի դեպ իրականացրել է անհայտ շինարարական կազմակերպություն, քանի որ Արագածոտնի մարզպետարանը ակնհայտորեն թաքցրեց կազմակերպության անվանումը: Դժվար չէ կապ գտնել անհետացած գումարի և ռոմանտիկ անվանում ունեցող շինարարական կազմակերպության տնօրենի միջև:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց այն տեղեկությունը, որ «Ես և նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա: Գործը հարուցվել է Քր.օր. 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Կատարվում է նախաքննություն:
