Զարուհի Փոստանջյանը խոստացել, բայց չի գնացել
Զարուհի Փոստանջյանը խոստացել էր հանդիպել հաշմանդամ օդաչուներին, բայց չեկավ
13 տարի հաշմանդամության թոշակ չստացող օդաչուները նկատում են՝ համառորեն շարունակելու են պայքարել իրենց հասանելիք գումարների համար:
«Հաշմանդամ օդաչուների միություն» ՀԿ նախագահ Ջիվան Ալավերդյանը Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ փաթեթը գտնվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի մոտ և իրենք սպասում են նրան:
2001 թ. Իրանում «Հայկական ավիաուղիներին» պատկանող 3ԱԿ-40 օդանավի զոհված օդաչուի մայր Ջեմմա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր իրենք սպասում էին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին: Այնպես որ, հաշմանդամ օդաչուներն ու նրանց ընտանքի անդամները Զարուհի Փոստանջյանին հանդիպելու ակնկալիքով՝ սովորականից մի քիչ երկար մնացին, սակայն նա այդպես էլ չեկավ:
Հիշեցնենք, որ աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած օդաչուները դեռևս 10 տարի առաջ «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից ստանում էին առողջության վնասի փոխհատուցում: «Հայկական ավիաուղիները» 2006 թվականին լուծարվել է, իսկ դրանից հետո այդ գումարի վճարման պարտավորությունն ստանձնել էր Հայաստանի կառավարությունը: Սակայն մինչ օրս կառավարության կողմից վճարում չի կատարվել:
