Զինծառայողի հարազատները մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը
Զինծառայող Արթուր Մարգարյանի մահվան գործով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությանը մասնակցել են նաև նրա հարազատները: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ վարույթ իրականացնող մարմնի թույլտվությամբ զինվորի հարազատները ևս մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը:
Նշենք նաև, որ երեկ N զորամասի պահակակետից քիչ հեռու հայտնաբերվել է հերթապահություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մարգարյանը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախանշանները վկայում են, որ զինվորն ինքնասպանություն է գործել, և պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
